29 juin 2008
ՎԵՐԱՑՆԵԼ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ
Ռաֆայել Իշխանեան՝
1922 Թ. մարտի 4-ին հայոց լեզվի գլխին աղետ եկավ. հատուկ հրամանով Հայաստանում և Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերում արգելվեց մեկուկես հազարամյխկ հայերենին ծառայած դասական ուղղագրության գործածությունը: Փոխարենը պարտադրվեց Մ.Աբեղյանի մշակած ուղղագրությունը:
Հարցի պատմություն, որ ամենագլխավորն է այս խդրում, հետևյալն է:
1919 Թ. Պ.Մակինցյանը հանդես եկավ հայոց լեզվի մաշտոցյան տառերը լատինականով փոխարինելու առաջարկով: Նա այն կարծիքին էր, որ հայկական տառերը տգեղ են և անհեռանկար: Բայց Պ.Մակինցյանն այն ժամանակ իր այդ մտահղացումն իրականացնել չէր կարող, քանի որ համապատասխան պաշտոն, իշխանություն չուներղ: Իսկ երբ 1921 թ. սեպտեմբերին նմանակվեց Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ, նա գործի անցավ լատինատառ հայերենի իր ծրագիրն իրականացնելու համար:
- առաջին՝ ասպարեզից հանել հայ դասական ուղղագրությունը և առայժմ մի հնչյունին մի տառ սկզբունքով գործածել մաշտոցյան տառերը
- ապա երկրորդ փուլում մաշտոցյան տառերը փոխարինել լատինական տառերով:
Մեծարգո Պ.Շարաբխանյանը (ոչ միայն նա) գրում է, թե հայերենի ուղղագրության մեջ միշտ էլ փոփոխություններ մտցվել են, և 1922-ինն էլ դրանցից մեկն էր, ի՞նչ կարիք կա հատկապես սրա դեմ բողոքել։ Սա նույն պես ճիշտ չէ։
Իրականությունը հետևյալն է. 5-րդ դարից սկսած, մինչև 1922-ը հայոց լեզվի զարգացմանը զուգընթաց նրա ուղղագրության մեջ ճշտումներ, հավելումներ են արվել, ինչպես որ բոլոր հին լեզուների ուղղագրությունների մեջ են ճշգրտումներ արվել և արվում են, սակայն. 1) հայերենի ուղղագրության այդ ճշտումները ու հավելումները, որ դարերի ընթացքում փոքր առ փոքր արվել են, մասնավոր բնույթ են ունեցել, մաշտոցյան ուղղագրական ամբողջական համակարգը չեն խախտել, պահպանել են, իսկ 1922-ին մերժվեց մաշտոցյան-դասական ուղղագրության հենց համակարգը, 2) 5-րդ դարից սկսած մինչև 1922 Թ. Հայերենի ուղղագրության մեջ ճշտումները ու հավելումները արվել են ոչ թե հրամանով, այլ կամավոր. Այս կամ այն մտավորականը կամ մի քանիսը ճշտում են առաջարկել, քննարկվել է, ընդունվել կամ չի ընդունվել, իսկ 1922-ին մի մադու առաջարկած ուղղագրական համակարգային փոփոխությունը բռնադատորեն պարտադրվեց լեզվին և ազգին։ Այսպիսի պարտադրում չի եղել աշխարհի որևէ լեզվի նկատմամբ։ փորձեր արվել են անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, նորվեգերենի և այլ լեզուների «դժվար» ուղղագրությունները համակարգային փոփոխության ենթարկելու բոլորը մերժվել են։
Մասնավորապես 1955 Թ. Ռուս մտավորականությունը միահամուռ կերպով մերժեց ականավոր լեզվաբանների մի ամբողջ հանձնաժողովի մշակած ուղղագրական «հեշտացնող» փոփոխությունները։
1940 Թ. Հայաստանի տերմինարանական կոմիտեն փորձեց քայլ անել դեպի դասական ուղղագրությունը, բայց դարձյալ առանց հրապարակային քննարկման, այսինքն դարձյալ հրամանով։ Դա այնքան մասնավոր «շտկում» էր, որ աբեղյանական ուղղագրությունը հիմնականում պահպանվեց։
Անցած 20-30 տարիներին էլ շատերն են արտահայտվել և արտահայտվում են Հայաստանում և ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այն կիրառվող 1922-1940 թթ. Ուղղագրության դեմ։
Հիշեցնեմ միայն մեկին՝ Պ. Սեվակի տեսակետը։ 1971 թ. Նա գրել է. « նորաստեղծ սովետական իշխանության նոր հովերը եկան ուռցնելու աբեղյանական նոր տեսության առագաստները։ Հետևանքի մասին բոլորս տեղյակ ենք. Հրամանագրվեց մի ուղղագրություն, որ հին գրի ու գրականության տեր մի ժողովուրդի համար չեր կարող չկոչվել «խուժդուժ»։ Մեր արդի ուղղագրությունը կարող է զույգ ոտքով, և տեսականորեն, և գործնականորեն։ Տեսականը դեռ մի կողմ, քանի որ մեզ համար նորություն չէ մի լվի պատճառով գորգ այրելը։ Բայց եթե խոսքը մի հին և դպրությանբ հարուստ լեզվի մասին է, տեսական ամեն մի մարզանք պիտի դեն ձըգել։ Ամեն ազգ, մանավանդ հինավուրց ազգ, նամանավանդ փոքր և աշխարհասփյուռ ազգ պիտի ունենա ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ. Իր բոլոր զավակների համար պարտադիր ուղղագրություն՝ հիմնված տվյալ լեզվի ոչ միայն հնչյունական արդի կազմի, այլև պատմական հնչյունաբանության վրա։ Ըստ որուն, գործնականապես ոչ մի արժեք չունեն այն բարբաջանքները, թե հին ուղղագրությունն ավելի դժվար էր, քան նորը։
Ինչպես 5 հոլովի փոխարեն 7 հոլովի հրամանագրումը ոչ թե դյուրացրեց, այլ ավելի դժվարացրեց աշակերտի գործը, նույնպես էլ նոր ուղղագրությամբ երբեք չես բացատրի, թե ինչու պիտի մեկը կոչվի Ներսես, իսկ նույն իր ազգանունը Ներսիսյան...
Ինձ թվուն է, որ այժմ մեր ժողովուրդի հոգևոր կյանքի համար չկա առավել կարևոր և անհետաձգելի հարց, քան ուղղագրության կարգավորման հարցը, եթե մանավանդ չմոռանանք նաև Սփյուրքի գոյության փաստը» (ընդդիմախոսություն Ս.Հարությունյանի դոկտորական ատենախոսության առթիվ)։
Եվ ապա 5 տարի անց ավելացրել է իր մի նամակի մեջ.«Բնավ չիմանալով, որ 1960-ից սկսած դուք հոդվածներ եք ստորագրում մեկ-միասնական ուղղագրության մասին, ես, արդեն քանի տարի նստեմ թե կանգնեմ, այդ նույնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողել ասելու, որ մեր սխալաշատ գործունեության մեջ ամենանեծ սխալը, Սևանա լճի խնդրից էլ ավելի վտանգավոր քայլը եղել է մեր ուղղագրության «բարե»փոխումը (Հակոբ-Գրոգոր, Պարույր Սևակի լեզվական կտակը, Փարիզ,1977 , էջ 36)։ Ապա խոսելով դասական ուղղագրությունը վերականգնելու համար շարժում սկսելու մասին՝ Պարույր Սևակն ավելացնում է. «Ես խոստանում եմ ձեզ գլխավորել այդ շարժումը» (ն.տ.37)։
Այսպիսով, մեր ուղղագրական հարցի գըլխավոր կետը սա է. Լեզվին բռնադատորեն պարտադրված ուղղագրությունը պետք է հանվի ասպարեզից, վերականգնվի դասականը, այնպես, ինչպես վերականգնվեցին հրամանով արգելված բառերը՝ սահմանադրություն, կուսակցություն, հանրապետություն, խորհրդային և այլն։
Այնպես, ինչպես վերականգնվեցին 1930-ական թվականներին առանց հանցանքի գնդակահարված կամ աքսորված մարդկանց իրավունքները։ Մի՞թե ճիշտ կլիներ, եթե մինչև օրս արդարացված չլինեին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը և շատ ուրիշներ։ Ուրեմն, առավել ևս մի ամբողջ լեզվի ու ժողովըրդի նկատմամբ իրագործված անարդարությունը պետք է վերացվի։
Մեր ուղղագրական հարցի 2-րդ կետը հետևյալն է. Հին գիր ու գրականություն ունեցող ամեն ազգի համար դարերի խորքից եկող իր ուղղագրությունը նրա ազգային մշակույթի անբաժան մասն է։ Հայ դասական ուղղագրությունն իր մեջ ունի մեր լեզվի դարավոր պատմությունը, հայ ժողովրդի մտածելակերպը, նաև մշակույթային լրջություն, կշիռ, պատկառազդու համակարգ։ Այսօրմենք ենք հանկարծ, հոտկայս, հանցանք, հավելում, հուրախություն և դուս է գալիս, որ սրանցում կան հան, հանց, հավ, հուր բառարմատները, միչդեռ առկա են ան ածանցը (և կարծ արմատը), ինչպես և՝ ոտն(ոտք), անց(անցնել), ավել, ուրախ բառ-արմատները՝ յուրաքանչյուրի սկզբում «Յ» նախդիր։ Դա պարզ երևում է դասական ուղղագրության դեպքում, որտեղ «Հ» հնչյունը արտահայտվում է նաև «Յ»-ով՝ յանկարծ, յոտնկայս, յանցանք, յաւելում, յուրախութիւն։
Կամ՝ դասական ուղղագրությամբ ունենք «սէր» և սրանից ծնվածները՝ սիրել, սիրակարոտ, սիրաճար և այլն, երբ «է»-ն օրինաչափորեն «ի»-ի է փոխվում, նաև ունենք «սեր» ու սրանից ծնվածները սերուցք, սերախառն, սերոտ, երբ «ե»-ն մնում է։ Սա, իրոք, դասական կարգ է, հնից եկող տրամաբանություն և այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Դրանք բոլորը ցույց են տալիս մեր դասական ուղղագրության մշակութային բարձր արժեքը։ Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հրաժարվել հանուն շատ կասկածելի «հեշտության»։
Մեր ուղղագրական հարցի հաջորդ կետը հետեվյալն է. Սփյուքի 3 միլիոն հայությունը չի ըդունում 1922-1940 թթ ուղղագրությունը։ Եվ, կարծում եմ, ճիշտ է անում։ Նա ի վիճակի էր չկատարելու 1922-ի հրամանը և չկատարեց (եթե Հայաստանում էլ հնարավոր լիներ այդ հրամանը չկատարել, այսօր մենք էլ դասական ուղղագրությամբ կգրեինք)։ Այդպես, բավական չէ, որ մի փոքրաթիվ ազգ տարածքով, գրական լեզվի երկու տարբերակներով բաժնված է, հիմա էլ ուղղագրական պատնեշն է մեջ ընկել։ Համոզված եմ, որ դասական ուղղագրության համատարած վերականգնումը մեծապես կմիասնականացնի մեր ժողովուրդին։
Գրել եմ և կրկնում եմ՝ մեր ուղղագրական հարցը բնավ լեզվաբանական չէ, այլ համազգային, հասարակական-մշակութային, և ճիշտ չէ, որ այն ամբողջությամբ հանձնված է լեզվաբանների տնօրինությանը:
Մամուլում բազուն անգամ է գրվել, որ Սփյուռքի հայությունը զանգվածաբար չի կարդում հայաստանյան գրքերն ու թերթերը՝ ուղղագրության խորթ լինելու պատճառով։ Սփյուռքահայ մտավորականները դրա մասին բազմիցս գրել ու շարունակում են գրել թերթերում, ամսագրերում, նամակներում։ Անհամար օրինակներից բերում եմ մեկը՝ ֆրանսահայ նկարիչ ՝Գառզուի գրածը.«Չեմ հասկնար, թե ինչու մեր լեզուի(դասական) ուղղագրութիւնը փոխած են Խ.Հայաստանի մեջ։ Ըսի Հայաստանի վաիչներուն, որ ատիկա անբնական ուղղագրութիւն մըն է։ Կը ստանամ մատ մը գրքեր Հայաստանէն, բայծ ինծի համար շատ դժուար է զանոնք կարդալը։ Ստիպուած եմ խոստովանելու, որ ատիկա իանծի ցաւ կը պատճարէ։ Այդ ուղղագրութիւնը ինծի համար սոսկալի բան մըն է, ամբողջովին անճաշակ»(«Արմենիա» ամսագիր, Մարսել 1977 դեկ.)։
Մեր լեզվաբանների մի մասի մեջ պատկերացում կա, որ իբր ամեն լեզվի ուղղագրական լավագույն վիճակն այն է, երբ լեզվի մի հընչյուն արտահայտվում է մեկ տառով։ Սա անվանում են հնչյունային ուղղագրություն։ Մեր ժամանակներում, երբ գիր ու գրականություն չունեցող մի լեզվի համար գիր են ստեղծում, բնականաբար, ձգտում են այդ լեզվի ամեն մի հնչյուն (հնչույթ) արտահայտել մեկ տառով։ Թեև սա լրիվ չափով անհնար է իրականացնել, բայց ինչ-որ չափով ստեղծվում է հնչյունային գիր (օրինակ, չուկոտերենի, էսկիմոսերենի և մի շարք այլ լեզուների այժմյան գիրը)։ Այդպիսի գիր է գոյանում նաև այն ժամանակ, երբ մի լեզվի նախկին այբուբենը փոխարինվում է այլ այբուբենով (օրինակ, կիգիզերենի կամ թուքերենի այժմյան գիրը)։
Այդպիսին կլիներ նաև հայերենի գիրը, եթե հաջողվեր անցնել լատինատառ հայերենի։ Աբեղյանական ուղղագրությունը հենց նպատակ ուներ մաշտոցյան տառերով ստեղծել հնչյունայինին մոտ գիր, հետո կմնար միայն մաշտոցյան տառերի փոխարինումը լատինական տառերով։ Աբեղյանական ուղղագրությամբ հայերենը հավասարեցվեց նոր գիր ու գրականություն ստացող լեզուներին, ավադական ուղղագրության համակարգը վերացվեց, միայն նշանագրերը պահպանվեցին, ջնջվեցին հայերենի ուղղագրական մշակույթի անցած 1500 տարիները, դասական ուղղագրության կուտակած ավանդական արժեքները՝ հանուն մի բանի՝«հեշտության»։ Այդ «հեշտությունն» էլ առասպել է։ Նախ. Ճիշտ չէ, թե այժմ նոր կոչվող՝ 1922-1940 թթ, ուղղագրությունը հնչյունային է։ Խնդրեմ՝ գրում ենք «որսորդ էի», բայց « որսորդ եմ». Երկու դեպքում էլ լսվում է «է», բայց մի դեպքում գրվում է «է», միյուսում «ե», իսկ «ե»-ն էլ այլ դեպքերում «յէ» է կարդացվում՝ ես, Երևան, եկա։ Կամ լսվում է՝ «վօ», գրվում է «ո» ոսպ, որբ, որդի և նույն «ո»-ն այլ դեպքերում կարդացվում է «օ» գոտի, շոգ, լող։
Ո՞ւր է այստեղ հնչյունային ուղղագրությունը։ Պատճառներից մեկն այն է, որ 1922թ աբեղյանական ուղղագրությանը խառնվել են 1940-ի որոշմամբ ընդունված փոփոխությունները։ Կամ այսօր գրում ենք դողէրոցք, վայրէջք, առէջ, ելևէջ, մանրէաբան, և սրանց զուգահեռ՝ համերգ, շքերթ, անվեջ, մատենագետ, և այլն, նույն նկչյունը մէրթ «է»-ով, մերթ «ե»-ով ենք արտահայտում։ Սրա պաճառն էլ աէն է, որ աբեղյանական ուղղագրությունը նաև ստուգաբանականով է լրացվել (վերլուծում ենք՝ դող և էրոցք, համ և երգ և այլն)։ Նույն պատճառով գրում ենք ամանոր, բայց ամենօրյա, հատոր, բայց տնօրեն և այլն։ Ուրեմն, նոր ուղղագրությունը պաշտպանել փաստարկելով, որ այն հնչյունային է (մի հնչյունին մի տառ) որևէ հիմք չունի։
Ճիշտ չէ նաև այն պնդումը, թե իբր դասական ուղղագրությունը նորի համեմատ հակասական է։ Բերեմ երկու օրինակ, դասական ուղղագրությամբ գրվում է՝ որևիցէ, երբևիցէ, որևէ, երբևէ, միջօրէ, մանրէ, պղնձէ, երկաթէ և այլն, նոր ( 1922-1940 թթ) ուղղագրությամբ՝ որևիցե, երբևիցե, որևէ, երբևէ, միչօրե, մանրէ, պղնձե, երկաթե։
Պարզ է, թե որն է ավելի հակասական ու անմիօրինակ։ Ապա՝ դասական ուղղագրությամբ գրուն ենք արեւ կան արև, կարեւոր կամ կարևոր, բայց միայն՝ Եւրոպա, Եւա, քանի որ «և»-ի մեծատառը չկա։
Այդ «և»-ը «եւ»-ի սովորական հապավումն է, «ե»-ն և «ւ»-ն միացրել են դարձրել «և», այսինքն «եւ»-ն ու «և»-ը նույնն են։ Նոր ուղղագրությամբ գրում ենք արև, կարևոր, որ նշանակում է արեւ, կարեւոր, բայց դրա կողքին գրում ենք Եվրոպա, Եվա։
Այսինքն՝ միևնույն «եւ»-ը մերթ եւ (և), մերթ եվ ենք գրում։ Կա՞ արդյոք տրամաբանության նշույլ։ Սրա պատճառն այն է, որ մաշտոցյան «ւ» տառը նոր ուղղագրությամբ հանվել է հայոց այբուբենից։
Այսպիսով, նոր ւղղագրությունը հնչյունային չէ, պարզապես այն գուցե մի քիչ ավելի մոտ է հնչյունականին, քան դասականը։
Հիմնովին սխալ է նաև այն պատկերացումը, ըստ որի մի լեզվի ուղղագրությունը որքան մոտ է լինում հնչյունականին, այնքան հեշտ է այն յուրացվում և այնքան ավելի քիչ սխալներ են անում նրանով գրողները։ Եթե հարկ լինի, կարող եմ փաստեր բերել այն բանի, որ Երևանի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցների, Գևորգյան ճեմարանի սաների ու շրջանավարտների ուղղագրական միջին մակարդակը ավելի բարձր է եղել, քան այսօրվա մեր միջնակարգ դպրոցների սաներինն ու շրջանավարտներինը։
Առաջինները գրուն էին դասական, իսկ վերջինները գրում էին 1922-1940 թթ ուղղագրությամբ։ Մեր Բուհերի օտար լեզուների բաժանմունքներում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն «դժվար» ուղղագրություններով ուսանողները հաճախ ավելի գրագետ են գրում, քան «հեմտացված» նոր ուղղագրություն ունեցող հայերեն թելադրությունները։
Դասական ուղղագրության դեմ խոսելիս նրա հակառակորդները միշտ մեջտեղ են բերում այդ «դժվարության» խրտվիլակը։ Չգիտես ինչու, նրանց կարծիքով անգլիացիներն ու ամերիկացիները կամ ռուսերն ու ֆրանսիացիները կարող են «դժվար» և ավանդական ուղղագրություն ունենալ, իսկ հայերին դա վայել չէ։
Ըստ երևույթին, կարծում են, որ մեր հայերիս մտավոր ընդունակություններն ավելի ցածր են, և մեզ գրագետ դարձնելու համար բետք է հրամցնել «պարզեցված», ավանդականությունից զրկված ուղղագրություն։
Դասականի պաշտպաններին ասում են՝ «ի՚նչ է, ուզում ել ազգը անգրագե՞տ դառնա»։
Սա է որ Պարույր Սևակն անվանել է բարբաջանք։
Այդ «դժվարի» ու «հեշտի» հարցն ամբողջությամբ պետք է մի կողմ նետել իբրև սուտ, մտացածին պատճառաբանություն։ Ամոթ է մեզ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն իր ավանդական-դասական ուղղագրությանը շատ լավ է տիրապետել։
Նոր ուղղագրության մի արատն ել այն է, որ դժվարություններ են առաջանում նախքան 1922-ը կամ դրանից հետո Սփյուռքում տըպված հայերեն երկերից քաղվածքներ բերելիս կամ նրանց վերնագրերը նշելիս։
Ո՞ր ուղղագրությամբ բերել՝ բնագրի՞, թե՞ նոր։ Ըստ մեծարգո Պ.Շարաբխանյանի, աշխարաբար երկերից քաղվածքներ, նրանց վերնագրերը պետք է բերել նոր ուղղագրությամբ, իսկ գրաբար երկերինը՝ դասականով։ Բայց դա անհնար է կիրառել։ Խդրեմ, վերցրեք վերջին 20 տարում լույս տեսած հայագիտական ցանկացած աշխատությունները և կտեսնեք, որ որևէ կանոն չկա. Աշխարհաբար գրքերի հեղինակներն էլ, վերնագրերն էլ մերթ նոր, մերթ դասական, մերթ էլ խառը ուղղագրությամբ են են նշված, գրաբար գրքերինը՝ երբեմն նոր ուղղագրությամբ, նույնն էլ՝ բերված քաղվածքները։ Եվ մեղադրելու չէ։
Օրինակ, հարգելի Շարաբխանյան, Հ. Աճառյանը ձեռագրացուցակ է կազմել, որի աշխատանքային լեզուն աշխարհաբարն է, բայց գրքի վրա կարդում ենք՝ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Սանասարեան վարժարանի ի Կարին»։
Մի՞թե հիմք ունենք այս վերնագիրը նոր ուղղագրությամբ գրելու։ Կամ Տ. Պալյանի աշխարհաբար մի գիրքը կոչվում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց Ս.Սիօն և Ս.Լուսաւորիչ եկեղեցեաց ի Մաղնիսայ», մի՞թե անմտություն չե սա փոխել նոր ուղղագրության։
Եվ կամ արևմտահայերեն (աշխարհաբար) տպված գըրքի մեջ կարդում ենք՝ «Հայագիտութեան զարգացունը յԵւրոպա», «Ուսուցչապետ հայերէն լեզուի յՈւրբանեան դպրոցի», «Բնականաբար յոչ կամս յառաջ եկած», մի՞թե վայրենություն չէ յԵւրոպա-ն դարձնել հԵվրոպա, յՈւրբանեան-ը հՈւրբանյան, յոչ-ը՝ հոչ։
Եվ դեռ մեծարգո Պ.Շարաբխանյանը Սփյուռքի հայերին հորդորում է ըդունել նոր ուղղագրությունը։
Հայոց միասնական ուղղագրություն ունենալու մի ուղի կա. Հայաստանում ասպարեզից հանել 1922-1940 թթ ուղղագրությունը, վերադառնալ դասականին։
Հայերենի մի առանձնահատկությունն էլ այն է, որ նրա ուղղագրությունը ոչ այնքան սահմանումներ սովորելով է հիշվում, որքան բառերի պատկերները հիշողության մեջ ամրակայելով։
Եթե երեխան փոքրուց սերտում է դասական ուղղագրությունը, և բառապատկերներն ամրակայվում են նրա հիշողության մեջ նա ամբողջ կյանքում գրագետ է լինում։
Կարծում եմ՝ ծույլ մտածողության և առհասարակ ծույլի պատճառաբանություն է նաև այն, թե դասական ուղղագրությանը պետք չէ վերադառնալ, քանի որ նոր ( 1922-1940 թթ) ուղղագրությանը ժողովուրդը սովորել է։
Բայց չէ՞ որ 1922 թվին էլ ժողովուրդը սովոր էր 1500 տարվա ուղղագրությանը։
Ոմանք էլ ասում են 1922 թ չպետք է կատարվեր ուղղագրական փոփոխությունը, բայց քանի որ կատարվել է, ճիշտ չի լինի վերադառնալ դասականին։ Ըստ այս դատողության դուրս է գալիս, որ ապօրինաբար արգելված հայերեն բառերի կամ ձերբակալված անմեղ մարդկանց իրավունքներն էլ չպետք է վերականգնվեին (ասում են՝ «Սխալ է կատարվել բայց որ կատարվել է, թող մնա»)։
Պնդում են նաև, թե 67 տարի է ինչ գրում ենք նոր ուղղագրւթյամբ բա ափսոս չէ՞ այդ տարիներին նոր ուղղագրւթյամբ տպագրված գրականությունը։ Նախ նոր ուղղագրւթյան վերջին տարբերակը ոչ թե 67, այլ 49 տարեկան է։ Ապա՝ այսպես «ափսոսացողները», հավանաբար, հայ ժողովրդի հետագա կյանքը շատ էլ երկար չեն համարում 49 տարիների համեմատ։ Ես կարծիքին եմ, որ հայ ժողովուրդը արդեն ապրել է ավելի քան 5000 տարի և այդքան ու դեռ ավելի էլ ապրելու է։ Ուրեմն, այդ հազարամյակների մոտ ի՞նչ մի բան է 49 տարին՝ իր պարտադրված ուղղագրությամբ։
Արդյոք դասական ուղղագրության գործածությունը մեզանում վերականգնելուց հետո նրանում բարելավումներ պե՞տք է մուծվեն։ Անպայման։
Օրինակ, կարելի է քննել ու բարելավել բառամիջում «վ»-ի արժեքով «վ»,«ւ»,«ու» գրելու կամ բառավերջում «յ» գրելու կանոնները, ճշգրտել բառամիջի ուղղագրական այլ կարգեր։ Եվ դա դժվար գործ չէ։
Այն կարծիքին եմ, որ դասական ուղղագրության ամբողջական գործածության վերականգնումը դյուրին կանցնի, որոշ դժվարություններ կարող են լինել առաջին մեկ-երկու ամիսներին միայն՝ այն էլ կապված գլխավորապես բարասկզբում «հ» թե «յ» (հաց բայզ յուշ), բառամիջում «ո» թե «օ» (հող բայց կարօտ), «ե» թե «է» (գետ բայց գէր) գրելու հետ, որը հաղթահարվի արագ, իսկ դպրոցների տարրական դասարաններում դասական ուղղագրության համակարգն ավելի շուտ կյուրացվի, քանի որ նրանցում հիշողության օգտակար գործակիցն ավելի բաձր է։
Սակայն «դժվարությունից» զգուշացողներին գնալով ընդառաջ կարելի է դասական ուղղագրությանն անցնել 2 նվագով։
Առաջինում անցնում ենք՝
-
բառավերջում «է»-ագրության, բոլոր դեպքերում գրելով «է»՝ Կարինէ, Մարինէ, նախօրէ, գոնէ, որևիցէ, երբևիցէ, երբևէ և այլն,
-
«իւ»-ագրության այժմյան «յու»-ի փոխարեն դասական «իւ»՝ ձիւն, արիւն, մարդկութիւն, խաղաղոթիւն,
-
«եա»-գրության «յա»-ի արժեքով դասական «եա»՝ Թումանեան, մատեան, այծեան, արեան,
-
«ոյ«-ագրության «ույ»-ի արժեքով դասական «ոյ»՝ լոյս, գոյն, համբոյր,
-
այբուբենում վերականգնվում է մաշտոցյան «ւ» տառը և գործածվում՝ բարեւ (կամ բարև), արեւ (կամ արև), կրեւոր (կամ կարևոր), բայց միայն Եւրոպա, Եւա, Եւագր, նաև՝ Աւետիս, աւելի, դաւադրութիւն, կաքաւ, ցաւազրկում, դաւանանք։
Այսքանով դասական ուղղագրության 70-75 տոկոսը վերականգնված կլինի, հաջորդ փուլով կվերականգնվի ամբողջությամբ։ Եվ հենց իր ամբողջական համակարգով է այդ ուղղագրությունը դասական, խորքով հայեցի ու գեղեցիկ։
Ավանդական համակարգության մեջ է նրա ազգային-մշակութային արժեքը, մեր ժողովրդի հիշողությունը, հայկականությունը։
Եվ այսպես, պետք է վերացնել 1922 թ հայոց լէզվի նկատմամբ կատարված բռնադատումը։
ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (Երևան «ԱՎԱՆԳԱՐԴ» չորեքշաբթի 12 հուլիսի 1989 թ)։
01:40 Publié dans orthographe ուղղագրութիւն | Lien permanent | Commentaires (1) | Envoyer cette note








Commentaires
The above information, abouth Armenian alphabet, was extrimly good and informative, for which I am very much thankful, but unfortunately it seams to be uncomplete. I wish, you could supply more information abouth the history of changes starting: of What & Which and how many alphabets?? from the very begining (that I assume it was year 1919)? and the periodical changes then after,.......
Écrit par : Avo Shahinian | 15 novembre 2010
Répondre à ce commentaireÉcrire un commentaire